21 ապրիլի 2023 - 11:42 AMT
Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, բայց թույլ չեն տալիս մտնել Հ1-ի շենք

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ, որը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել և դահլիճից հանել է Ադրբեջանի դրոշը։

Միևնույն ժամանակ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն, արձագանքելով Նիկոլյանին աշխատանքից ազատելու լուրերին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, բայց ոստիկանական միջամտությամբ թույլ չեն տալիս մուտք գործել Հ1-ի շենք։

1.«Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությաբ,

1.Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,

2.Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,

3.Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

Սա սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:

Հ.գ. Կարևորը Արամ Նիկոլյանի դուխը տեղն է և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»,-գրել է Կոչուբաևը:

Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ բեմի վրա Ադրբեջանի դրոշն այրելու համար Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։ Մի քանի ժամ անց նրան ազատ էին արձակել։ Նիկոլյանը, մեկնաբանելով իր արարքը, ասել էր, որ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե չպետք է նման բան աներ, «թող, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով»։

«Իմ ցանկությունն է եղել անել այնպես, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,-ասել էր նա։