21 ապրիլի 2023 - 14:04 AMT
Մամիջանյանը` Թովմասյանին պաշտոնանկ անելու մասին. Տեր կկանգնենք մեր թեկնածուին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է տեր կանգնել իր առաջադրած թեկնածուին՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ Այդ մասին հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած վերջին միջադեպին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ապրիլի 20-ին ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել էր նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չէր համաձայնել, նրան միացել էին ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Ներս էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ, քաշքշուկ էր սկսվել։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել էր, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին, և, որպես արձանագրում, պետք է ասեմ, որ այն ամիսների ընթացքում, երբ ՔՊ–ի թեթև ձեռամբ ՀՀ–ն չուներ մարդու իրավունքների պաշտպան, իսկ մինչ այդ էլ ուներ ՔՊ–ի իրավունքների պաշտպան (նկատի ունի Քրիստինե Գրիգորյանին,- խմբ.), այդ ընթացքում Թագուհի Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաև ՄԻՊ–ի գործառույթները։ Կարծում եմ, որ նման աշխատանքի արդյունքում պետք է լուռ հետևել, գոնե չխանգարել։ Միայն վերջին շրջանում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից 650 գրություն է ուղարկվել միջազգային տարբեր կազմակերպություններ և դեսպանություններ։ Դա այն աշխատանքն է, որը պետք է ՄԻՊ–ն աներ»,– նշել է Մամիջանյանը։

Ապրիլի 20-ի միջադեպից հետո Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Ապրիլի 21-ին նրանց ելույթի հնարավորություն է տրվել։