Թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք է բացահայտվել․ 10 անձ ձերբակալվել է

Թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք է բացահայտվել․ 10 անձ ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանները թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է:

Թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել են Երևանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0․41 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և ծալովի դանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 7-ին նա ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմքով։

Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվել են 0․7 գրամ մեթանֆետամին, 0․75 գրամ ափիոն և 280 մլգ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:

Պարզվել է նաև, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու հիմքով ձերբակալվել է և, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և ուղևորներով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6․1 գրամ մեթամֆետամին, իսկ ուղևորների մոտից՝ 2․92 գրամ մարիխուանա և մոխրացած հետքերով ծխամորճ:

Իրավապահների միջոցառումներով պարզվեց նաև 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երևանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։

Ապրիլի 20-ին ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են 56-ամյա տղամարդուն։ Նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվել է 366․78 գրամ հաշիշ, 89․13 գրամ ափիոն, 2․11 գրամ մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես և թմրամիջոցի հետքերով 3 կշեռք և բազմաթիվ կոլբաներ:

Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալել են Երևանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվել է նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը․ հայտնաբերվել է 8․38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվել է նաև մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 0․57 գրամ մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---