24 ապրիլի 2023 - 10:36 AMT
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է

Ապրիլի 24-ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1․5 միլիոն հայ է բնաջնջվել, ենթարկվել բռնի տեղահանության։

Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը ապրիլի 23-ի երեկոյան նախորդել է ջահերով երթը, որն այս տարի մեկնարկել էր Հանրապետության հրապարակից։ Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ, դրա խորագիրն էր՝ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»։

Առաջին աշխարհամարտը հնարավորություն տվեց երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։ Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը և Կոնգրեսը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ապրիլի 23-ի լույս 24-ին՝ կեսգիշերին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սրբադասված 1․5 միլիոն զոհերի։