24 ապրիլի 2023 - 11:11 AMT
ԱՄՆ պետդեպ. Անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», - նշված է փոխխոսնակի հաղորդման մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։