24 ապրիլի 2023 - 11:31 AMT
Սիմոնյան․ Կոչ ենք անում ՌԴ-ին կատարել իր պարտավորությունը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում։ Նա կոչ է արել ՌԴ-ին կատարել իր պարտավորությունը։ Այդ մասին Սիմոնյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Aysor.am-ը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ամբողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Սիմոնյանը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։