24 ապրիլի 2023 - 12:37 AMT
Արցախի պետնախարար. Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր վճռականությունը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը արցախցիները հակադրում են սեփական հողում ազատ ապրելու իրենց վճռականությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ:

Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:

Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:

Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»,-գրել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։