24 ապրիլի 2023 - 12:54 AMT
Արամ Ա․ Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 108-ամյակի կապակցությամբ համազգային համախմբման կոչ է արել: Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելը կարող է վտանգել Հայաստանի ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայության քարտեզից։

«Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի։ Ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին և հայ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորումը:

«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր առավել քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև»,–նշել է կաթողիկոսը։

Նրա խոսքով` բարոյական աջակցությունից բացի, որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:

«Վտանգված են Հայաստանի սահմանները և նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում»,- ասել է նա:

Արամ Ա-ի խոսքով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։