24 ապրիլի 2023 - 13:58 AMT
ԱՄՆ դեսպանը՝ ադրբեջանական անցակետի մասին․ Դա խաթարում է գործընթացը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որովհետև դա խաթարում է գործընթացը:

«Այս պահին ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև լինեն բանակցություններ և մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության գործընթացին», - ասել է դեսպանը, գրում է Aysor.am-ը։

Քրիստինա Քվիենի խոսքով՝ բռնության ցանկացած կիրառում և սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը։

«Մենք փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասել է նա։

Լրագրողի հարցին, թե այն, ինչ տեղի է ունենում այս պահին հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն բնորոշել հնարավո՞ր չէ՝ դեսպանն արձագանքել է. «Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»։

Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ դեսպանն ասել է, թե այս պահին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան։

«Իսկ թե ինչ կանենք ապագայում, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։