24 ապրիլի 2023 - 14:57 AMT
ՌԴ ԱԳՆ․ Լաչինի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք առանձնահատուկ նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունը կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակով օգտագործելու փորձեր»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ն նաև «ծայրահեղ մտահգությամբ ֆիքսել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց հետևանքով երկու կողմից պարբերաբար զոհեր են լինում։

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ելնում ենք այն դրույթից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրա կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։

Կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերn արդյունք են ամիսների պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով, ներառյալ տրանսպորտային ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման ուղղությունները։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ։

«Զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և լոկալ ռուսաֆոբ տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին վարկաբեկող քարոզարշավից»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։