Արցախի ԱԳՆ. Բաքվի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը24 ապրիլի 2023 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ` նշելով, որ Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը։ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։ «Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։ Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։ Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը: Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է»,-ասվում է հայտարարության մեջ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |