Արցախի 4 գյուղ ամբողջությամբ կտրված է ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Ստեփանակերտից

Արցախի 4 գյուղ ամբողջությամբ կտրված է ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Ստեփանակերտից

PanARMENIAN.Net - Արցախի 4 գյուղ՝Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորն ամբողջությամբ կտրված են ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Ստեփանակերտից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա նշել է, որ շտապ օգնության մեքենաների շարժն ապահովելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին:

«Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում:

Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում:

Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---