24 ապրիլի 2009 - 13:06 AMT
Ջոզեֆ Բայդենը Սերժ Սարգսյանի հետ զրույցում ողջունել է հայ-թուրքական համաձայնությունը
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումը: Ինչպես ասվում է ԱՄՆ փոխնախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Ջ.Բայդենը բարձր է գնահատել Ս.Սարգսյանի ջանքերն ու ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը սատարում է ինչպես Երեւանին, այնպես էլ Անկարային հարաբերությունների հաստատման հարցում:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: