25 ապրիլի 2023 - 12:42 AMT
Տոնոյանն առաջարկում է իր և Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անցկացնել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառել է իր մասնակցությունն 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այդ մասին ասվում է նրա պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ։

Տոնոյանն առաջարկում է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի բաց նիստ անցկացնել։

«Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաև լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության և իմ մասնակցության վերաբերյալ:

Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:

Պատճառներից կարևորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:

Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ և լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։

Արգելանք է դրված նաև լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:

Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:

Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին եւ 2020թ․ նոյեմբերի 19-ին։

2021-ի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի սկզբին է մերժել ազատ արձակել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով:

Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4․6 միլիոն դոլարի հափշտակություն։ Նախկին նախարարը գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։