26 ապրիլի 2023 - 16:34 AMT
Արցախի ՄԻՊ. Որևէ արցախցի չի անցնի Ադրբեջանի անցակետով

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ որևէ արցախցի չի անցնի Ադրբեջանի անցակետով, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ անգամ ռուսական խաղաղապահների կողմից հումանիտար բեռներ Արցախ բերելու հարցում Ադրբեջանը լրջագույն և արհեստական խոչընդոտներ է հարուցում՝ խոչընդոտելով նաև խաղաղապահ զորակազմի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ սա՝ այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի վերահսկողությունը գտնվում է ռուսական խաղաղապահների անմիջական հսկողության ներքո։

Այն դիտարկմանը, թե ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրությունների՝ այդ անցակետն արտառոց մի բան չէ, ընդհակառակը՝ «ապահովելու է անվտանգություն, լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու», և դրա հետ կապված ինչ մտավախություն կա, Ստեփանյանն ասել է՝ շատ ուղիղ։

«Արցախում որևէ մեկը չի պատրաստվում Լաչինի միջանցքով անցնելիս ստուգում անցնել ադրբեջանական ծառայությունների կողմից կամ հաշվետվություն տալ ադրբեջանական ծառայողներին, թե ուր է գնում և ինչ նպատակով է գնում, կամ Արցախ վերադառնալու պարագայում նման գործընթացներ անցնել։ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում հանդուրժել, որ Լաչինի միջանցքը, որը եռակողմ հայտարարությամբ պետք է ազատ տեղաշարժ ապահովի, անցնել ադրբեջանական դրոշի ներքո կամ ադրբեջանական ծառայողների վերահսկողության ներքո։ Եվ շատ պարզ է, որ այս իրավիճակը մի կողմից խթան է լինելու, մի կողմից մարդիկ, ովքեր չեն ընդունում սա, ովքեր դեմ են, իսկ նրանք մեծամասնություն են, մտածելու են Արցախը լքելու մասին»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։