24 ապրիլի 2009 - 13:43 AMT
Մարի Յովանովիչ. Ամերիկայի ժողովուրդը սգում է 1915 թվականի զոհերի համար
Այսօր ամերիկայի ժողովուրդը ողջ աշխարհի հայության հետ միասին սգում է 1915 թվականի զոհերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը : «Ես փոխանցում եմ բոլոր ամերիկացիների աղոթքը: Ես ուրախ եմ, որ այս պահին գտնվում եմ հայ ժողովրդի կողքին եւ կարեկցում եմ նրան», - նշել է ամերիկացի դիվանագետը:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հոգեւոր, տնտեսական ու քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, նրանց դուրս էին բերում քաղաքից եւ սպանում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինպոլսում շուրջ 800 հայեր ձերբակալվեցին, որոնցից մինչեւ տարեվերջ արդեն քչերն էին ողջ մնացել: 1915-1923 թթ, սպանվել է իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում բնակվող շուրջ 1,5 մլն հայ: