Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ջերմուկում է. Շատ դրական է գնահատել ՀՀ-ԵՄ առաքելության գործակցությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ջերմուկում է. Շատ դրական է գնահատել ՀՀ-ԵՄ առաքելության գործակցությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ Այնտեղ են նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է, հայտնում է Արմենպրեսը։

«Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կոլոնան։

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն իր հերթին բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։

«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է Ասրյանը։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: Առաքելության կազմում դիտորդներ կան ԵՄ անդամ 25 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Շվեդիայից և այլ երկրներից:

 Ուշագրավ
---