4 մայիսի 2023 - 10:20 AMT
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպում. Միրզոյանը խոսել է զորքերի հետքաշումից

Մայիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին:

Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:

Մայիսի 4-ին Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, հայտնում է Պետդեպարտամենտը։

Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: