8 մայիսի 2023 - 11:08 AMT
Վարդանյանը՝ ՀՀ իշխանությունների հետ գործակցելու մասին․ Մի քանի անգամ առաջարկել եմ, ասել են՝ առանց ձեզ յոլա կգնանք

Արցախի նախկին պետնախարար, «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» խորագրով առցանց հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ կառավարության հետ չի միավորվում, եթե ունի ՀՀ-ի և Արցախի զարգացման հստակ ծրագիր, ասել է, որ մի քանի անգամ առաջարկել է, հայտնում է «Առավոտը»։

Վարդանյանն արձագանքել է․ «Մի քանի անգամ առաջարկ եմ արել, բայց ամեն անգամ ասել են՝ շնորհակալություն, առանց ձեզ յոլա կգնանք։ Մենք առաջարկել ենք՝ սկսած 2018-ի հուլիսից, ամեն անգամ պատասխանն էր՝ շնորհակալություն, մենք ամեն ինչ կանենք։ ՀՀ կառավարությունում աշխատում են մարդիկ, որոնք մեր էկոհամակարգից են։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը սկսել էր Ավրորայով։ Համատեղ աշխատանքի համար ցանկությունը երկկողմանի պիտի լինի։ Հինգ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն կարող, չեն ցանկանում լսել ու սովորել, նորմալ ընկալել, քննարկել, այլ ոչ թե անձնավորված։ Ամեն ինչ անձնավորվում է` փոխանակ հասկանալ, որ միասին պետք է կառուցել։ Եվ այդ մոտեցումը մեզ թուլացնում է»:

Հարցին` ինչու ՀՀ օլիգարխները չեն կանգնում իր կողքին՝ Վարդանյանն ասել է․ «Չկա նման բաժանարար գիծ։ Շատերը նաև ՀՀ-ից կանգնեցին իմ կողքին»։

«Կան ավելի կամ նվազ ապահովված մարդիկ․ ամեն մեկն իր համար որոշում է ընդունում՝ որն է իր համար կարևոր՝ հայրենի՞քը, Արցա՞խը։ Մենք խնդիրներ ունենք համակարգման և կոնսոլիդացիայի ՀՀ-ի և Արցախի։ Չէի ուզի, որ միանշանակ բաժանարար գիծ քաշեն»,-ասել է նա։

Այն հարցին, թե ի՞նչ է անելու, որ լինի ՀՀ-ում իշխանափոխություն, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ամենածայրահեղ ճգնաժամային իրավիճակում ենք։ Մենք հիմա բոլորս պետք է կանգնենք Արցախի պաշտպանության համար։ Այսօր ամենակարևորը Արցախը պահպանելն է, մնացած ամեն ինչ երկրորդական է»։

Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, թե որ առանցքային հարցում է իր և ՀՀ իշխանությունների դիրքորոշումը տարբերվում։

«Իմ դիրքորոշումն է այն, որ եթե Արցախը փրկվի, Հայաստանը կփրկվի։ Դա իմ և ՀՀ կառավարության դիրքորոշումների տարբերությունն է։ Ես վստահ եմ, որ առանց Արցախի Հայաստանը չի կարող պահպանվել։ Դրա համար այս ճգնաժամային իրավիճակում պետք է ամեն բան մի կողմ թողնենք և այս դիրքորոշումն առաջ տանենք»,-ասել է նա։

Ռուբեն Վարդանյանից նաև հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ուժերը չեն համատեղում ՈՄԱ-ի հետ;

Վարդանյանը պատասխանել է․ «Մեծ հարգանքով եմ վերաբերվում Վովա Վարդանովին և նրա ընտանիքին։ Ինքս եմ անցել նրա տասնօրյա ծրագիրը և համարում եմ՝ լավագույն հնարավորություններից մեկն է՝ ինչպես պաշտպանել հայրենիքը։ Մենք մշտական աշխատանք և մարդկային կոնտակտներ ունենք, հիմա հաղորդակցությունների դժվարություններ կան։ Հենց հնարավորություն ընձեռվի, մենք անմիջապես միասին համատեղ ծրագրեր կիրականացնենք»։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: