Երևանում փոսալցումը կիրականացվի «քանդում և փոսալցում նույն օրը» սկզբունքով

Երևանում փոսալցումը կիրականացվի «քանդում և փոսալցում նույն օրը» սկզբունքով

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում «փոսալցման աշխատանքները պետք է իրականացվեն քանդում և փոսալցում նույն օրը» սկզբունքով։

Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ասել է․ «Մենք լուրջ խնդիր ունենք, մեր փոսալցման շինարարների հետ, հատկապես՝ 2-ի, որոնք միասին տարել են 10 լոտ և թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել», հայտնում է Panorama.am-ը։

Վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է, որ այդ ընկերությունները չունեն համապատասխան տեխնիակական միջոցներ և ասֆալտ ներկրելու համար գործընկեր գործարաններ:

Խորհրդակցությունը վարող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հարցրել է, թե ինչու մրցույթի տեխնիկական առաջադրանքում չի եղել դրույթ, որ հավակնող կապալառուն պետք է ունենա ասֆալտի գործարան:

«Որպեսզի փոսը փորելուց հետո չգնան 10 օր մտածեն, թե ինչ անեն այդ ասֆալտի հետ, նոր 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ այդ ասֆալտը վերականգնեն: Այսինքը մենք 10, 15, կամ 20 օր պետք է այդ փոսերով գնանք, մինչև ինքն իր հարցրեը լուծի»,- հայտարարել է Ավինյանը և հավելել, որ գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի այդ ծավալի աշխատանքներով:

Գրիգորյանը պատասխանել է, որ «Գնումների մասին» օրենքը թույլ չի տալիս հավելյալ պայմաններով ծանրաբեռնել հայտը մրցակցություն ապահովելու համար:

«Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշի: Որովհետև մենք ուզում ենք, որ փոսերը քանդվեն և միանգամից դրանից հետո փոսալցվեն՝ նույն օրը: Պետք էլ չէ, որ տեխնիկական առաջադրանքում պետք է գործարան լինի, այլ պետք է գրվի, որ փոսերը քանդման նույն օրը պետք է լցվեն, հետևապես կմասնակցեն այն ընկերությունները, որոնք որ այդ հնարավորությունն ունեն»,-ասել է Ավինյանը՝ հավելելով, որ նման հնարավորություն չունեցող ընկերությունները չեն մասնակցի մրցույթին, քանի որ կհասկանա, որ տույժերի կենթարկվեն:

Քաղաքապետարանի գնումների վարչության պետը հաստատել է, որ կարող են մրցույթի տեխնիկական առաջադրանքում նման կետ ավելացնել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---