Դեսպան․ ՀՀ-ն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ

Դեսպան․ ՀՀ-ն ու Հնդկաստանն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Հնդկաստանն աշխատում են 2 երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու ուղղությամբ։ Այդ մասին հայ–հնդկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Դիվանագետը նշել է, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի գործարկումը կողմերի խնդիրներից մեկն է` ուղղված համագործակցությունը զարգացնելուն, և երկու երկրների կառավարություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա կարծիքով` գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործընկերությունն ընդլայնելուն նպաստող շփումներ հաստատելու հնարավորություն կա։

«Հայաստանն աջակցում է Հնդկաստանին միջազգային բոլոր ֆորումների ժամանակ։ Բոլորովին վերջերս վարչապետների և արտգործնախարարների մակարդակով այցեր են տեղի ունեցել։ Հուսով ենք, որ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում այդ շփումները կշարունակվեն», – նշել է դեսպանը։

Նա փաստել է երկկողմ կապերի ակտիվացումը` առանձնացնելով պաշտպանական ոլորտը, որտեղ փոխգործակցությունը լուրջ բնույթ է ձեռք բերել։

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են փոխգործակցություն հաստատել նաև ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մատնանշել է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ հնդկական ներդրումների անհրաժեշտությունը` հիշեցնելով այն համաձայնագրի մասին, որը 2021 թվականին ստորագրվել է Ներդրումների աջակցման կենտրոնի և Invest India–ի միջև։

Քաղաքական երկխոսությանն անդրադառնալով` դիվանագետը հիշեցրել է ժողովուրդների միջև առկա բազմադարյա հարաբերությունների մասին, ինչպես նաև նրա, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հնդկաստանն առաջին պետությունն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ արդեն 1999 թվականին Երևանում իր դեսպանատունը բացեց։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը համեստ է` 180 մլն դոլար։ Սակայն կողմերը քայլեր են ձեռնարկում ներմուծումն ու արտահանումն ավելացնելու ուղղությամբ։

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 հուշագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը, բարձր տեխնոլոգիաների, կրթական և այլ ոլորտները։ Բացի այդ, երկկողմանի փոխգործակցության մասին կողմերը 5 արձանագրություն և 14 համաձայնագիր են ստորագրել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---