24 ապրիլի 2009 - 16:54 AMT
ՀՀ նախագահ. «Ապրիլի 24-ը մեր իրականությունում ներկա է ամեն օր»
«Հայ ժողովրդի պատմության ընթացքում մենք ունեցել ենք հաղթանակներ, ունեցել ենք պարտություններ, ձեռքբերումներ եւ կորուստներ, բայց մեր պատմության ընթացքում կա մի կետ, որը ջրբաժան է հանդիսանում. այդ կետը 1915թ. ապրիլի 24-ն է: Դրանից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ իրողության հետ»,-Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հազարավոր, միլիոնավոր մարդիկ ապրում ու արարում էին իրենց հողի վրա, ստեղծում էին մշակութային արժեքներ, բայց ստիպված եղան ամբողջովին լքել այդ տարածքները: «Մի մասն, իհարկե, սպանվեց, մյուս մասը` լքեց այդ տարածքները մահից փրկվելու համար: Եվ այսօր աշխարհում գրեթե չկա մի երկիր, որտեղ հայեր չլինեն: Այսօրվա Հայաստանի բնակչության գրեթե կեսը ցեղասպա֊նու֊թյունից մազապուրծ եղածների ժառանգներ են: Սրանք իրողություններ են, որ ամեն օր առկա են մեր կյանքում: Այսօր, եթե դուք Երեւանից 15-20 կմ շարժվեք դեպի Թուրքիա, կհանդիպեք Եվրոպայի վերջին փակ սահմանին»,-ասել է ՀՀ նախագահը:

«Հայաստանն անկախացել է 1991թ., անցել է արդեն 18 տարի, եւ սահմանը շարունակվում է փակ մնալ: Ես այս օրինակը բերում եմ ոչ թե նրա համար, որ ասեմ, թե մեր նկատմամբ շրջափակում է իրականացվում, այլ որպեսզի պարզ լինի, որ 1915 թ. ապրիլի 24-ը մեր իրականությունում ներկա է ամեն օր: Ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակված է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բայց մինչեւ պաշտոնապես հայտարարվելը, մինչեւ պաշտոնապես ընդունվելը եւս ապրիլի 24-ը մեր ժողովրդի համար եղել է այդպիսին: Ինձ համար եւս, որպես մեր ժողովրդի ներկա֊յացուցիչներից մեկը, դա այդպես է: Բայց որպես Հանրապետության նախագահ ես պարտավոր եմ միջոցներ ձեռնարկել մեղմելու այդ ահավոր ոճրագործության հետեւանք֊ները եւ, անշուշտ, պարտավոր եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման հանցագոր֊ծությունները չկրկնվեն, իսկ դրա ամենաարդյունավետ ձեւը Հայոց ցեղասպանության միջազ֊գային ճանաչումն է»,-հայտարարել է ՀՀ նախագահը: