Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին

Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին

PanARMENIAN.Net - Երգչուհի Brunette-ը, որի «Բաց կապույտ աչքերդ», Smoke break երգերը ճանաչում բերեցին նրան ու ճանապարհ հարթեցին դեպի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթ, մայիսի 11-ին մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարելուց և եզրափակիչ անցնելուց հետո խոսել է իր ելույթի և եվրատեսիլյան Future Lover երգի առանձնահատկությունների մասին:

Brunette–ը շատերին անակնկալի է բերել ելույթի ժամանակ պարային դադարով, որը բացակայում է երգի արդեն տարածված տարբերակում և հոլովակում, հայտնում է Արմենպրեսը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես սիրում եմ պարել, և մենք որոշեցինք պարային հատված ավելացնել երգին, երբ ես գրում էի այն: Մենք երգի երկու տարբերակ ունեինք՝ մեկն առանց պարային դադարի, մյուսը՝ պարային դադարով: Եվ շատ դժվար էր դա գաղտնի պահել: Ես անընդհատ ասում էի, որ անակնկալ ունեմ, և այդ անակնկալը հենց պարային դադարն էր: Եթե սիրեցիք այն, շնորհակալ եմ»,- մրցույթից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է երգչուհին:

Անդրադառնալով երգում շոշափվող հոգեկան առողջության թեմային՝ Brunette–ը խոստովանել է, որ իր համար դժվար է խոսել այդ մասին:

«Երբ ես երգում ասում եմ «խուճապի նոպաներ» (panic attacks), հենց դա նկատի ունեմ: Շատ մարդիկ են բախվում հոգեկան առողջության խնդիրներին, և ես ևս բախվել եմ դրան: Պարզապես ցանկանում էի բոլորին ասել, որ ամեն ինչ կարգին է, բնական է նման պարագայում վատ զգալը»,-շեշտել է Brunette–ը և մեջբերել երգի հաջորդ տողերը, որոնցում ասվում է, որ պետք է լինել լավը, անել լավն ու լավ տեսք ունենալ:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին: Brunette–ը հանդես կգա 17 համարի ներքո։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---