13 մայիսի 2023 - 11:49 AMT
ՌԴ հետ ավիահաղորդակցության վերսկսման դեպքում ընկերությունները Վրաստանի օդանավակայաններում կարող են պատժամիջոցների ենթարկվել

ՌԴ և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման դեպքում ընկերությունները Վրաստանի օդանավակայաններում կարող են պատժամիջոցների ենթարկվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Պատելը։

Ըստ նրա, ամբողջ արևմտյան հանրությունը դիստանցավորվել է ռուսական ռեժիմից և հիմա ժամանակ չէր որևէ երկրի համար ամրապնդել գործունեությունը Ռուսաստանի հետ, գրում է Apsny.ge-ն։

«Բազմաթիվ արևմտյան երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, արգելում են ՌԴ ինքնաթիռներին մուտք գործել իրենց օդային տարածք։ Եթե ուղիղ թռիչքները ՌԴ և Վրաստանի միջև վերսկսվեն, մենք, անշուշտ, կմտահոգվենք այն հանգամանքով, որ ընկերությունները Վրաստանի օդանավակայաններում կարող են հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ, եթե սպասարկեն այն ինքնաթիռները, որոնց հանդեպ գործում է ներկրման և արտահանման վերահսկողություն։ Ամբողջ արևմտյան հանրությունը դիստանցավորվել է ռուսական ռեժիմից և հիմա ժամանակ չէր որևէ երկրի համար ամրապնդել գործունեությունը Ռուսաստանի հետ։

Վրաց ժողովուրդն ուղիղ ավիահաղորդակցությանը կամ վիզային ռեժիմի փոփոխությանը կգերադասեր, որ ՌԴ-ն դուրս բերեր իր զինված ուժերը Վրաստանի 20 տոկոսը կազմող օկուպացված տարածքներից»,-ասել է Պատելը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզաների պահանջը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների համար գործող թռիչքների արգելքը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին։

ՌԴ և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել էին 2019-ի հունիսին, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ եղան ՌԴ պատգամավորների այցերի դեմ, որոնք մասնակցում էին ուղղափառության միջազգային կոնֆերանսին։ Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին արգելվեցին թռիչքները Վրաստան, իսկ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ տրվեց չվաճառել ուղեգրեր դեպի այդ երկիր։ Նույն օրը դադարեցվեցին վրացական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ։