13 մայիսի 2023 - 13:35 AMT
Ավինյանը Կոնդում քննարկել է բնակիչների հետ թաղամասի խնդիրներն ու լուծման ուղիները

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կոնդ, բնակիչների հետ տեղում քննարկել թաղամասի խնդիրներն ու լուծման ուղիները։

Նշվել է, որ Կոնդում ամեն մի տուն առանձնահատուկ է իր պատմությամբ ու խնդիրներով: Կենցաղային պայմանները շատերին ստիպել են կողպել դռները, սակայն կոնդեցիների համար ամենասպասվածը թաղամասի վերակառուցումն է, հայտնում է քաղաքապետարանը։

Բնակիչները ներկայացրել են փոխքաղաքապետին առկա խնդիրները՝ հատկապես կարևորելով տարածքների նոր չափագրման անհրաժեշտությունը։

«Կոնդի խնդիրները շատ են, բայց լուծելու ճանապարհը կա, կարծում եմ, կկոնկրետցանենք, թե ինչ կարելի է իրականացնել և փուլ առ փուլ առաջ կգնանք։ Առաջնայինն, իհարկե, մարդկանց իրավունքների պահպանումն է»,-ասել է Ավինյանը։

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Ապրիլին Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել էր Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից:

Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք: