ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրությունները

ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրությունները

PanARMENIAN.Net - ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի ընտրությունները՝ բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այդ մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում, հայտնում է Sputnik Արմենիան։

Մայիսի 12-ին կայացած քվեարկության ժամանակ համալսարանի կոլեկտիվը որպես ռեկտոր է ընտրել ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանին: Մեկ այլ թեկնածու՝ համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ է հայտնել:

Նամակում ասվում է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։

Մայիսի 5-ին նախարարությունը հայ գործընկերներին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ուղղված նամակում ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Ճիշտ ենք համարում, որ նշված թեկնածությունը ներկայացնի ՀՌՀ գործող ղեկավարությունը», – նշված է հայտարարության մեջ:

ՀՌՀ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ավարտի կապակցությամբ և անցումային շրջանում համալսարանի բնականոն գործունեության պահպանման նպատակով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնել համաձայնեցված թեկնածուի վրա:

Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նպատակաուղղված է Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացմանը, գործում է ի շահ ՀՌՀ կոլեկտիվի, գնահատում է համալսարանի ձեռք բերած արդյունքները և հույս ունի, որ դրա ապագայի համար պատասխանատվությունը թույլ կտա հաղթահարել այս կարևոր շրջանը:

Ավելի վաղ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ 21 տարի պաշտոնավարելուց հետո դիմել է համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)՝ պատրաստակամություն հայտնելով ևս 5 տարով վերընտրվել, սակայն որևէ կողմի աջակցությունը չի ստացել:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր կառավարություններին, որոնց հետ աշխատել է բուհը ղեկավարելու 21 տարիների ընթացքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---