Գրիգորի Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարաձգվել է

Գրիգորի Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Գեներալ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարաձգվել է: Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում Խաչատուրովի և ևս 12 անձի գործով դատական նիստում նման որոշում է կայացրել դատավոր Արամ Գրիգորյանը։

Ավելի քան 5 ժամ ընթացող նիստի ժամանակ վատացել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը։ Դատարան է հրավիրվել շտապօգնության բրիգադ, հայտնում է Factor.am-ը։

Նիստի ամբողջ ընթացքում դատարանի բակում հավաքված էին Խաչատուրովի աջակիցները, որոնք ի նշան բողոքի՝ պարբերաբար բարձրախոսով հորդորում էին ազատ արձակել նախկին հրամանատարին։ Պաշտպանական կողմը Խաչատուրովի կալանքը քաղաքական է որակում, հայտարարելով, թե նա նիստի ընթացքում պետք է ազատ լիներ։

«Դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն էր կատարում: Մեր կողմից փորձ էր կատարվել՝ կանխել այդ հանցագործությունը, սակայն վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է: Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում էր ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել էր, սակայն դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէր։ Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ: Այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրին առանց պատճառաբանելու, թե ինչու են ինձ հեռացնում»,- նիստի ընդմիջման ընթացքում դատարանի բակում հայտարարել էր պաշտպան Միհրան Պողոսյանը։

Այս հիմքով պաշտպանական կողմը ցանկանում էր դատավորին ինքնաբացարկ հայտնել, սակայն, ըստ Պողոսյանի, դատավորը թույլ չէր տալիս այդ միջնորդությամբ հանդես գալ:

«Սա աննախադեպ իրավիճակ է»,- մեկնաբանել է պաշտպանը։

Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։ Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---