Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

PanARMENIAN.Net - Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։

«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։ Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարարելու նաև ցանցի ապագա պահանջները։

«Ուրախ եմ, որ մենք շարունակում ենք հաջողված երկարատև գործակցությունը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ի հետ։ Հիմնվելով մեր փոխգործակցության և նորագույն ծրագրային լուծումների վրա՝ Ucom-ի ցանցն ապագայում էլ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ առավելություններ կընձեռի իր հաճախորդներին», - ասված է Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի հայտարարության մեջ։

Ucom-ը Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է։ Ընկերությունը IP հեռւստատեսության և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատար է, նաև առանցքային դիրք է զբաղեցնում շարժական ինտերնետի տեղական շուկայում։

Ericsson Nikola Tesla-ն խորվաթական ընկերություն է, որը, որպես Ericsson Corporation-ի ասոցիացված անդամ, գործում է համաշխարհային ՏՀՏ շուկայում։ Ընկերության գործունեությունը ներառում է հաղորդակցական համալիր լուծումների և ծառայությունների մշակումը բազմածառայական և շարժական ցանցերի, այդ թվում՝ շարժական ինտերնետի ոլորտում, ինչպես նաև համալիր համակարգերի ինտեգրումը գործարար բոլոր ոլորտներում։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---