Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել

Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող զոհված զինվորի մայրը՝ Գայանե Հակոբյանը, հացադուլ է հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ կասկածվող կնոջը ձերբակալել են մայիսի 17-ին։ «Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, ասում է, որ չի ուտելու այնքան ժամանակ քանի դեռ այստեղ է (ձերբակալվածների պահման վայրում,– խմբ.)։ Սպասում է առերեսմանը և իր համար անհասկանալի է, թե ինչու է այդ գործընթացն ուշանում»,– նշել է պատգամավորը։ Խամոյանը վստահ է առերեսումն ուշանում է, որպեսզի Գայանե Հակոբյանը երկար մնա ՁՊՎ–ում։ Նա շեշտել է տիկին Գայանեն համոզված է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում կա, և վստահ է` առերեսումից հետո հստակեցումներ կլինեն։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

 Ուշագրավ
---