Փաշինյան․ Հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը

Փաշինյան․ Հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ներկայացնելով Բրյուսելում մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները, ասել է, որ ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին:

Նա նշել է, որ ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը։

«Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ, կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,-ասել է վարչապետը։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 Ուշագրավ
---