19 մայիսի 2023 - 11:07 AMT
Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն կա․ Զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանին, որը կասկածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Միջնորդության քննությունը շարունակվելու է մայիսի 19-ին ժամը 13:00-ին։ Այդ մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը։

Մինչև լուսաբաց, չնայած ցրտին, բազմաթիվ մարդիկ անցկացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով զոհված զինծառայողի մորը, որին կասկածում են։

Մայիսի լույս 19-ի գիշերը Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի ակցիա իրականացնող արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երկկողմանի փակել էին Արշակունյաց պողոտան, հայտնում է «Փաստինֆոն»։

Ընդդիմադիր պատգամավորները և հանրության մեջ վստահություն վայելող մի շարք այլ անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանե Հակոբյանի ազատության համար։

«10 ընդդիմադիր պատգամավոր երաշխավորագիր են ներկայացրել ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը»,– ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, գրում է Sputnik Արմենիան։

Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսման ժամանակ երկու կողմն էլ պնդել են իրենց նախնական ցուցմունքները։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։