19 մայիսի 2023 - 11:28 AMT
Ընդդիմադիր պատգամավորներն ու այլ գործիչներ երաշխավորություն են ներկայացրել Գայանե Հակոբյանի ազատության համար

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը երաշխավորություն են ներկայացրել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցի փոփոխության համար, որը կասկածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելումեջ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Միջնորդության քննությունը շարունակվելու է մայիսի 19-ին ժամը 13:00-ին։ Այդ մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը։

Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել։

Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսման ժամանակ երկու կողմն էլ պնդել են իրենց նախնական ցուցմունքները։

Մինչև լուսաբաց բազմաթիվ մարդիկ անցկացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով զոհված զինծառայողի մորը, որին կասկածում են։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։