19 մայիսի 2023 - 16:08 AMT
Կառավարությունը 2.5 մլն դրամ կհատկացնի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

Կառավարությունը 2.5 մլն դրամ կհատկացնի սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար։ Նախատեսվում է նաև վարկերի տոկոսադրույքների ու պետության կողմից սուբսիդավորման չափերի հստակեցում։

Վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, հստակեցվել է նաև ծրագրի իրականացման գործընթացը:

Որոշվել է պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2,500,000 դրամ, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը:

Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը:

Հաշվի առնելով նաև 2020-2022թթ. ընթացքում ծրագրից օգտված և փաստացի պայմանագիր կնքած զինծառայողների քանակը, առաջարկվել է նաև 2023թ. ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2023թ. հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված թվով 1111 բոլոր դիմումատուներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»:

Ծրագիրն իրականացվում է 2020 թվականից տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1030 զինծառայող։