24 մայիսի 2023 - 10:39 AMT
Արցախի նախագահ․ ԱՀ-ն չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, դա է մեր ժողովրդի կամքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ՝ նշելով, որ ԱՀ-ն չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում՝ դա է ժողովրդի կամքը։

«Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝

-Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով.

-Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը.

-Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները.

-2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը.

-Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը.

-Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.

-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:

Հաշվի առնելով վերոնշյալ և այլ էական գործոնները՝ դիմում եմ՝

-Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

-Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ակտիվ ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս և շարունակում եք տեր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարևորագույն կտորին: Վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար: Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը:

-Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում:

-ՀՀ իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին: Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին:

-Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը:

-Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

- Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:

-Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան»,-ասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։