Freedom House-ը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և ՀՀ հանդեպ Ադրբեջանի գործողությունների միջև

Freedom House-ը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և ՀՀ  հանդեպ Ադրբեջանի գործողությունների միջև

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև։ Այդ մասին ասվում է Freedom House-ի «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում:

Նշվում է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա ամբողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին, սակայն «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում», գրում է «Ամերիկայի ձայնը»։

«2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»,-ասվում է զեկույցում։

Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»:

Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին չանտեսել այս վտանգը։

«Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում վերջինիս օկուպացիայից»,- նշված է զեկույցում:

Հրապարակումը շարունակում է, թե չնայած «Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ թեկնածության համար, սակայն 2022 թվականին շարունակել է հաջողություններ գրանցել ժողովրդավարական [բարեփոխումների] ուղղությամբ՝ դառնալով Nations in Transit 2023 զեկույցում հիշատակված միակ երկիրը, որն ունի բարելավված մեկից ավելի ցուցանիշ»:

Ըստ զեկույցի, Հայաստանն առաջադիմել է ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների ուղղությամբ՝ «հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր վիրավորանքը»:

Այնուամենայնիվ, Freedom House-ը գտնում է, որ Հայաստանում պահպանվում է իրավիճակի վատթարացման հավանականությունը, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։

«Կախվածություն ունենալով ավտորիտար Ռուսասատանից, և թշնամական ու նույնքան ավտորիտար հարևան Ադրբեջանից պաշտպանվելու համար՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հզոր հակազդման»,- նշված է զեկույցում:

Freedom House-ը ընդգծում է, թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ադրբեջանական ներթափանցումը Հայաստան և բռնաճնշումները Կենտրոնական Ասիայում՝ ցույց են տալիս ավտորիտար ռեժիմների ներկայացրած մահացու սպառնալիքները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---