25 մայիսի 2023 - 11:13 AMT
Փաշինյան. Ալմաթիի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Տեր-Պետրոսյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ասել է, որ Ալմաթիի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Զուրաբյանն, անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գրել էր, որ վարչապետը ստում է. «Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը»,-գրել էր նա։

«Նույն այդ Ալմաթիի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր Պետրոսյանը։ Եվ այդ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող ադիմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմանները։ Եվ ընդունում են այդ սահմանների անխախտելիությունը։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել և այն խորհրդարանը, որտեղ Տեր-Պետրոսյանը մեծամասնություն է ունեցել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Փաշինյանը հավելել է, որ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ է եղել, նախագահ չի եղել։

«Եթե ճիշտ եմ հիշում, նախ այդ հռչակագիրը վավերացվել է նաև խորհրդարանի կողմից, այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա էլ հարցազրույց են տալիս, ասում են՝ 1995 թվին ըսենց պետք ա լիներ, 1997 թվին ընենց պետք է լիներ։ Ընկերներ, թող լիներ, ի՞նչ, հիմա պիտի ասեն՝ մենք ուզում էինք լուծել, վատ մարդիկ չթողեցի՞ն։ Այսօր մի վերնագիր կարդացի և այդ վերնագրի հեղինակին շատ շնորհակալ եմ, վերնագիրն այսպես էր՝ Փաշինյանը որոշել է հրաժարվել կռուտիտի քաղաքականությունից («Արցախի հարցով Փաշինյանը հրաժարվել է «կռուտիտի» մարտավարությունից» պնդումն արել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը․–խմբ): Կամ եթե իրենք անկախության համար էին պայքարում, բա 1998 թվի իշխանափոխությունը նրա համար էր, որ իրենք պարտվողական էին։ Թող ասեին՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք, և այլն»,-ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պայմաններին, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել՝ Փաշինյանն ասել է․ «Էն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ճիշտ են ասում, որովհետև էն, ինչ խոսեցվել է, էդ հլա հարց է․․․ Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք, որի կադաստրի վկայականը չունենք։ Ընդ որում, Հայաստանը որպես պետություն, իր բազմահազարյա գոյատևման ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե այն, ինչ մենք ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ, կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե։ Մենք ապրում ենք մի տեղ, որ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որ երբ ուզեն, կասեն՝ մի հատ հավաքվեք, ստեղից դուրս եկեք։ Եվ մենք էդ ժամանակ չենք կարա ասենք, մի րոպե, մեզ կասեն՝ ո՞ւր է կադաստրի վկայականը։

Այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ ինչ-որ բան կարանք ստանանք։ Բայց մենք շարունակում ենք մնալ այդ կարգավիճակում, առանց կադաստրի վկայականի։ Ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը։ Մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։