Ռիքեր․ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա![]() 26 մայիսի 2023 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն։ «Կառուցողական» որակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ նախկին դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Նա նաև կարևորել է Լեռնաին Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ: Նախկին դիվանագետը գտնում է, որ այս հարցում առկա է հնարավորություն առաջ շարժվել լավ հիմնարար խաղաղության համաձայնագրով՝ կենտրոնանալով իրականացման վրա: «Դրանք կառուցողական հայտարարություններ են։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Մենք գտնվում ենք մի կետում, ուր, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորություն, և հենց դա է հիմնական տարբերությունը նախորդ փուլերից»,-ասել է նա: Ըստ նրա, երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան։ Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար: «Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա: Ռիքերն ասել է, որ հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգոթյուն է, այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար: «Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղարն անձամբ հանձնառու է առաջ մղել գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»: Ռիքերի փոխանցմամբ, իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը: «Սահմանային՝ լեռնային շրջաններում երիտասարդ զինվորականները գտնվում են միմյանց շատ մոտ, որն անխուսափելիորեն հանգեցնում բախումների։ Ոչ ոք ոչինչ չի շահում։ Իսկ սահմաններն, իհարկե, պետք է սահմանազատվեն և սահմանագծվեն, և այն շարունակական գործընթացի մի մաս է»,-ասել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Նշվում է, որ «սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա» Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |