26 մայիսի 2023 - 15:45 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարի հետ քննարկել է ՀՀ հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Քննարկվել է իրավիճակն Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և Բաքվի ու Երևանի միջև ՌԴ աջակցությամբ հարաբերությունների կարգավորման ուղիները։

Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական կապերի վերականգնման հեռանկարների թեմային։ Ընդգծվել է Հարավային Կովկասում փոխգործակցության կարևորությունը 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: