Շրջափակման հետևանքով Արցախում շինարարության ծավալը նվազել 83.9 %-ով

Շրջափակման հետևանքով Արցախում շինարարության ծավալը նվազել 83.9 %-ով

PanARMENIAN.Net - 2023 թ․առաջին եռամսյակում Արցախում իրականացվել է 1․9 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 83.9 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96․6 տոկոսը, հայտնում է Արցախպրեսը։

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝ 9.1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75․1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14․5%-ը` բնակչության, 5․5%-ը՝ մարդասիրական օգնության, 3․9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով:

«Հանրապետությունում իրականացված շինարարության 42․5%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5․7%-ը մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3․6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31․4%-ը՝ Մարտունու, 26․9%-ը՝ Ասկերանի, 1․7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մինասյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---