Վարդանյան․ Բաքուն լրատվադաշտը հեղեղում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով

Վարդանյան․ Բաքուն լրատվադաշտը հեղեղում է կեղծ լուրերով՝  ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում ԱՀ պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։

Նա նշել է, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։

Վարդանյանը հավելել է, որ ռազմական ագրեսիայի դեպքում արցախցիները պատրաստ են «բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել»։

«Մենք պետք է ասենք՝ սա սադրանք է։ Ըստ էության, այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ լեհական համազգեստով էսէսականները իբր թե հարձակվեցին գերմանական ռադիոկայանի վրա և հեռարձակեցին հակագերմանական հայտարարություն:

Այս կեղծիքը «սպիտակ թելով է կարված», ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Արցախի բանակի կողմից որևէ ռազմական հարձակում չի կարող լինել։

Քանի որ պաշտոնական Երևանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ամբողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն և հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ։

Մենք տեսնում ենք այս սադրանքը և ցանկանում ենք, որ աշխարհն էլ մեզ հետ այն տեսնի»,-ասվում է գրառման մեջ։

Վարդանյանը հիշեցրել է, որ առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը ուժի մեջ է Եռակողմ հայտարարությունը, ըստ որի, Արցախի անվտանգությունը պետք է ապահովի նաև ռուսական խաղաղապահ առաքելությունը։

Նա նշել է նաև, որ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ, իսկ իրավիճակի էսկալացիայի դեպքում ագրեսորը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել։

«Ավելին, անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում մենք պատրաստ ենք բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել։

Միևնույն ժամանակ, կարևոր է գիտակցել, որ հակամարտությունն ունի խաղաղ լուծում՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Արցախը պե՛տք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք հստակ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը, որը նախկինում ինչ-որ կերպ փորձում էր միջազգային մակարդակով քննարկել Արցախի հարցը, վերջնականապես հրաժարվել է շարունակել Արցախը պաշտպանելուց։ Բայց դրանով Արցախի 120,000 հայերը չեն անհետանում, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և արդեն իսկ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով։

35 տարվա անկախության ընթացքում Արցախի Հանրապետությունում ձևավորվել և գործում են դե յուրե անկախ պետությանը բնորոշ ժողովրդավարական բոլոր ինստիտուտները՝ մրցակցային հիմունքներով ընտրվող նախագահ և խորհրդարան, անկախ դատարան, իրավապահ համակարգ և այլն: Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է՝ այդ առումով միջազգային իրավունքի ամենախիստ պահանջներին համապատասխանելու համար: Ու հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ, բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած:

Արցախը ջանք չի խնայելու սեփական անկախությունը պաշտպանելու համար։

Սադրանքն ու ռազմական էսկալացիան ընդհանուր խնդիրը համակարգված լուծելու միջոց չեն: Այն հնարավոր է քաղաքակիրթ ձևով լուծել: Եվ պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք իրենց սերունդների համար ոչ թե բազմապատկել, այլ պակասեցրել են չարիքը Երկրի երեսից»,-ասվում է գրառման մեջ։

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։ Մայիսի 29-ին ընթացքում 2 այդպիսի հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի ՊՆ կողմից, ևս մեկը՝ մայիսի 30-ին։

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ: Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով՝ 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---