Մոտ 10 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության վարույթով 3 կալանավորված կա

Մոտ 10 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության վարույթով 3 կալանավորված կա

PanARMENIAN.Net - Պարզվել են Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ էական հանգամանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

3 անձ կալանավորվել է:

Նախնական տվյալներով, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացին, Սյունիքի մարզում փաստացի բնակվող 32-ամյա տղամարդու հետ նախնական պայմանավորվածությամբ, 2023թ. մայիսի 18-ին և 19-ին, մաքսանենգ ճանապարհով ԻԻՀ-ից ՀՀ է ներկրել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցներ:

Սյունիքի բնակիչն ԻԻՀ քաղաքացու նշած վայրից ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին հարակից տարածքից, վերցրել է ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և չբացահայտվելու նկատառումներից ելնելով այն պահել է ՀՀ-ԻԻՀ սահմանին հարակից տարածքում՝ թաքստոցում:

Ապա, իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նա ներգրավել է Քաջարան քաղաքի երկու բնակչի, ովքեր «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել են Մեղրի, թաքստոցից վերցրել թմրամիջոցով լցված տոպրակները, տեղավորել ավտոմեքենայում։ Վերադառնալիս, օպերատիվ տվյալներ իրացնելու արդյունքում, ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից, որում հայտնաբերվել և վերցվել է ակնհայտորեն 10 կիլոգրամը գերազանցող 2 պոլիէթիլենային տոպրակ:

ԱԱԾ-ից ուղարկված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել` 32-ամյա տղամարդուն և Քաջարան քաղաքի վերոնշյալ երկու բնակիչներին, թմրամիջոցների մաքսանենգություն և թմրամիջոցների իրացում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկոմ` պահեստային անվադողի համար նախատեսված տեղում, հայտնաբերվել է երկու հատ պոլիէթիլենային տոպրակ՝ «Մարիխուանա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներով, երկու հատ ատրճանակ, 110 փամփուշտ, ինչպես նաև՝ 0,1 գրամ չոր, կանաչ գույնի կանեփանման զանգված:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ հիշյալ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Քաջարան քաղաքի բնակիչներին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---