ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին․ Անհնար է չնկատել, որ Ալիևի հայտարարություններում հստակ սպառնալիքներ կային

ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին․ Անհնար է չնկատել, որ Ալիևի հայտարարություններում հստակ սպառնալիքներ կային

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի մայիսի 30-ին արված հայտարարությունը, որի համաձայն ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին»։

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ին արված հայտարարությունները հստակ սպառնալիքներ էին պարունակում ՀՀ ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի նկատմամբ։

ԱԳՆ-ն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի այդ հայտարարություններին։

«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։

Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---