Նախարար․ Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում

Նախարար․ Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։

Հարցին, թե ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագիրը, Անդրեասյանը պատասխանել է, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,–ասել է նախարարը։

Անդրեասյանը հայտնել է, որ ստեղծված հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։

Մայիսի 30-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որի անդամ է նաև ԿԳՄՍ նախարարը։

Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50,000 մարդու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---