Սասուն Խաչատրյան. Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ` դրական ցուցանիշ է

Սասուն Խաչատրյան. Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ`  դրական ցուցանիշ է

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ։ Ըստ նրա՝ դա վկայում է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, գրում է Factor.am-ը։

«Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված եռաստիճան դատարանների ստեղծումը։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք, որ արդյունքներ կան»,-ասել է նա։

Որպես ապացույց՝ Խաչատրյանը որոշ վիճակագրական տեղեկություններ է հայտնել է։ Սասուն Խաչատրյանի հավաստմամբ՝ արձանագրվել է կոռուպցիոն դեպքերի աճ։ Իրավական վիճակագրության մեջ, ըստ նրա, կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։

«Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում։ Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը հետևյալն է՝ հանրության մոտ պետք է ձևավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում»,- հավելել է Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---