Համայնքապետ․ Սոթքի հանքավայրի փակումը ֆինանսական անհաղթահարելի ճգնաժամի առաջ է կանգնեցրել բնակիչներին

Համայնքապետ․ Սոթքի հանքավայրի փակումը ֆինանսական անհաղթահարելի ճգնաժամի առաջ է կանգնեցրել բնակիչներին

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ Սոթքի հանքավայրի տնօրինության արված հայտարարությունն այն մասին, որ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ, ոսկու բաց հանքը կփակվի, անակնկալի է բերել համայնքի բնակիչներին։

«Չունենալով ֆինանսական եկամտի այլ աղբյուր և լինելով ծանր վարկերի տակ՝ այդ մարդիկ հայտնվել են անհաղթահարելի ֆինանսական ճգնաժամի առաջ և չգիտեն ինչ անեն»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

«ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերությունը պաշտոնապես հաստատել է Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը։ «Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում էր հայտարարության մեջ։

Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ նախօրեից համայնքապետարանում քննարկումներ են սկսվել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, երբ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղվածության աղբյուրը Սոթքի ոսկու հանքն էր ապահովում։

«Հիմա մենք՝ բոլորով, կանգնել ենք անորոշ մի իրավիճակի առաջ՝ ի՞նչ անել։ Այդ մարդիկ մեծ թվով վարկեր ունեն, ընտանիք են պահում, իսկ համայնքում զբաղվածության և եկամուտի այլ աղբյուր, բացի Սոթքի հանքից, չկա։ Բոլորս հայտնվել ենք անորոշության մեջ, չգիտենք ինչ անենք։ Այս պահի դրությամբ էլ, ելքեր՝ ստեղծված իրավիճակից չենք տեսնում»,-ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, թե ֆորս – մաժորի պատճառաբանությամբ փակված ոսկու հանքն, իրականում, հանձնվել է ադրբեջանական կողմին, այսինքն՝ հանքավայրի ուղղությամբ պարբերաբար հնչող թշնամու կրակոցները, հենց, այս նպատակն էին հետապնդում՝ ավարտին հասցնել բաց հանքի ամբողջական փակումը, Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը պատասխանել է՝ ինքը նման տեղեկություններ չունի ։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը 1 զոհ և 8 վիրավոր է ունեցել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Մայիսի 17-ին ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, որը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---