16 տարեկաններն անձնագիր ստանալիս կվճարեն 1000 դրամ․ Արտոնությունը կհանվի

16 տարեկաններն անձնագիր ստանալիս կվճարեն 1000 դրամ․ Արտոնությունը կհանվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը։

Կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը, ըստ որի՝ առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարության հիմնավորմամբ` ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար, առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները՝ 30,000 դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, և 10,000 դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։

ՀՀ վերադարձի վկայական տալու համար առաջարկվում է սահմանել 20,000 դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում 45,000 դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար 90,000 դրամ։

Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա մոտ 75 մլն դրամով:

Նախագիծը պետք է հաստատվի Ազգային ժողովում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---