Գրիգորյան. ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում այլ երկրների հետ աշխատանքը

Գրիգորյան. ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում այլ երկրների հետ աշխատանքը

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահին ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում ՀՀ համագործակցությունը տարբեր երկրների հետ։ Այդ մասին նա ասել է «Լուրերի» տաղավարում։

«Մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին ինչ օգուտ է բերում, Գրիգորյանը պատասխանել է, որ 2020-ից դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել։

«2020-ից սկսած Ադրբեջանի կողմից երեք լայնածավալ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն Հայաստանին ցույց չի տվել, և երբ վերջում Հայաստանը այլընտրանքներ որոնեց և գտավ, այնպիսի այլընտրանք, ինչպիսին է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսեց առաջարկել իր օգնությունը։ Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել, և վերջում այսպես կոչված ռազմական դաշինքն առաջարկում է փաստահավաք առաքելություն ՀՀ-ում. սա առնվազն լուրջ չէ»,- նշել է նա։

Նա նաև անդրադարձել է ՌԴ-ից զենքի գնման համար վճարելուն և մատակարարում չիրականացվելու խնդրին։

«Մենք ՌԴ-ից զենք ենք ակնկալել ստանալ, որը չի հասել. հաջորդ շաբաթ մեկնելու եմ Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանդիպմանը, եթե երկկողմ հանդիպում տեղի ունենա, կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որ գոյություն ունի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմը, Ռուսաստանի կարողությունը սպասարկելու իր պատերազմը և այն, որ կարողությունն այնքան էլ մեծ չէ, որ արտահանում լինի, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով. կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում զենք գնելու մասով. մի մասով արդյունքներ ունենք, մյուս մասով բանակցությունները շարունակվում են։ Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում մինչև գոյացած խնդիրը լուծվի»,- ասել է Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ անվտանգություւնը բազմաշերտ է, և անվտանգության ապահովման համար պետությունները կարիք ունեն ոչ միայն ռազմական դաշինքների մաս լինել, այլև սեփական կարողություններն ունենալ։

«Այս կոնտեքստում շատ կարևոր է Հայաստանի կողմից առաջ տարվող խաղաղության օրակարգը։ Կարող է քննադատություն հնչել, որ Հայաստանը խաղաղության օրակարգ է տանում, Ադրբեջանը սրան մարտահրավեր է նետում, բայց մեր խաղաղության օրակարգը նաև որոշակի կայունություններ է ստեղծում։

Այս պահին Հայաստանը հիմնականում կենտրրոնացած է իր կարողություններն ավելացնելու, որևէ այլընտրանք չի փնտրում միջազգային անվտանգային կազմակերպությունների մասով, և նաև մենք տեսնում ենք երկկողմ համագործակցությունը՝ որպես հավելյալ երաշխիքներ։

Ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԵՄ մի շարք երկրների հետ հարաբերությունները, Հնդկաստանի հետ ունենք շատ բազմաշերտ համագործակցություն, հարևան երկրների հետ ենք հարաբերությունները փորձում կարգավորել և ինտենսիվ համագործակցություն ունենալ։ Չեմ ասի, որ ամբողջովին մեր անվտանգության պահանջարկի հարցերը լուծվում են, բայց սրանք ուղղություններ են, որոնցով փորձ ենք կատարում մի մեծ ծավալ փակել»,- նշել է Գրիգորյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։ Նա չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ «հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»։ «Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել էր Զախարովան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---