5 հունիսի 2023 - 13:30 AMT
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դատապարտում է Ֆիրդուսի թաղամասում աղյուսաշեն հուշարձանի վերացումը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության կողմից Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) քաղաքային ժառանգությանանխնա ոչնչացումը, ներառյալ 19-րդ դարի աղյուսաշեն եզակի հուշարձանի հիմնահատակ վերացումը։ Այդ մասին ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կոչ է անում երևանցիներին եզրակացություններ անել այս գործընթացից Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններում իրենց քվեով:

«Նման գործելաոճը, որին հանցակից են թե՛ ՀՀ վարչապետի աշխատակազմը, թե՛ ԿԳՄՍՆ, և թե՛ Երևանի քաղաքապետարանը, բնական շարունակությունն է նախորդ իշխանության քաղաքականության, երբ մասնավոր շահը վեր էր դասվում հանրայինից, քաղաքի ժառանգությունը չէր համարվում արժեք, և քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի առաջարկություններն անտեսվում էին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2020-ից Երևանի ժառանգության պաշտանության կոմիտեն, թաղամասի բնակիչները, մասնագիտական համայնքը, երկրի մտավորականությունն ու ակտիվ քաղաքացիները բազմիցս կառուցողական եղանակով՝ իշխանությունների հետ երկխոսության միջոցով փորձել են լուծում տալ Ֆիրդուսի թաղամասի ժառանգության պահպանման խնդրին։

Նշվում է, որ այդ խնդիրները բազմիցս արծարծվել են մամուլում, մասնավորաբար՝ հասցեագրվել են բնակիչների սեփականության իրավունքը և քաղաքի ժառանգության խնդիրը։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել են ապօրինի գործողությունների և կոռուպցիոն գործարքների բազմաթիվ վտանգներ։

«Երևան համայնքի մի խումբ բնակիչներ ոչ միայն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, այլև իրենց առարկայական առաջարկներով կառուցողական մասնակցության հայտ են ներկայացրել թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը, ինչը ենթադրում էր, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով երկուսն էլ պետք է երաշխավորեին պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը: Այնինչ մինչ թաղամասի նախագծի հաստատումը որևէ քննարկում չի կազմակերպվել, համայնքի շահագրգիռ ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու որոշման ձևավորմանը, մինչդեռ կենսագործունեության միջավայրի փոփոխության դեպքում դա պարտադիր է, ըստ նույն օրենքի 13-րդ հոդվածի: Ավելին. առաջարկված այլընտրանքային նախագծերը հասարակության ներկայացուցիչների՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման փորձ էին: Այդ փորձն անպատասխան թողնելը կոպտորեն խախտել է օրենքը:

Քաղաքի պատմական միջավայրի ոչնչացումն ընթանում է գերակա հանրային շահի ոտնահարման պայմաններում: Սահմանադրական դատարանի՝ 2006 թվականին ընդունված ՍԴՈ-630 որոշումը սահմանում է դեպքերը, որոնք կարող են համարվել գերակա հանրային շահ և հիմք հանդիսանալ սեփականության օտարման համար: Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության 2018 թվականի 332-Ն որոշումն իր «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով» ձևակերպմամբ բավարար հիմքեր չի տալիս օտարման համար:»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այսպիսով, Ֆիրդուսի թաղամասի պատմական շերտերի և քաղաքի ժառանգության ոչնչացումը վկայում են, որ Հայաստանի կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին հասարակության հետ համագործակցային հաղորդակցությունը չի հետաքրքրում:

2020-ի հունիսին քաղաքացիական գիշերային ակցիայի շնորհիվ, որին ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները, հաջողվեց կանխել աղյուսե հուշարձանի ոչնչացումը: Նույն ամսին Երևանի ավագանին հատուկ նիստ գումարեց, որը որևէ գործուն արդյունքի չհանգեցրեց: Օգոստոսին 536 քաղաքացի բաց նամակով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆիրդուսի թաղամասում աշխատանքները դադարեցնելու կոչով։ Նամակը պատասխան չստացավ։

2020-ի սեպտեմբերին Երևանի ժառանգության կոմիտեն հայտարարեց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ։ Միջազգային հեղինակավոր ժյուրին, ստանալով 28 հայտ 15 երկրից, լավագույն նախագծային առաջարկներին մրցանակներ շնորհեց։ Նախագծային առաջարկների փաթեթն ուղարկվեց ՀՀ կառավարություն, սակայն դրան որևէ պատասխան, գործնական քայլ չհետևեց։