Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ

Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը դատարանում հայտարարել է՝ ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի խափանման միջոցը տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հունիսի 5-ին մեկնարկել է նրա և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Աշոտ Փաշինյանին դուր չեն եկել Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմի ներկայացրած մի շարք փաստարկներ, գրում է Sputnik Արմենիան։

«Լսելով պաշտպանական թիմին` այն տպավորությունն է ստեղծվում, թե ի դեմս Գայանե Հակոբյանի ու մյուս ծնողների, ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը։ Այս ինչ մանիպուլյացիաներ են հնչում պաշտպանական կողմից։ Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը Եռաբլուր։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարել է Աշոտ Փաշինյանը։

Ըստ նրա` պետք է հաշվի առնել, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվում է կալանավորում 4-8 տարի ժամկետով։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի որդին հայտարարել էր, որ իր կամքով է նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան:

«Իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Աշոտ Փաշինյանն ասել է, թե տիկին Գայանեն իրեն նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» են գնալու։

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերն օրենքին համապատասխան մեկնաբանություն կստանան. իր գործն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը աշխատակիցների գործն է։

Մայիսի 17-ին տեղեկություն էր տարածվել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---