6 հունիսի 2023 - 10:55 AMT
Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակել Բաքվի պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով»

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակել Բաքվի պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով»։ Ադրբեջանի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։

Սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են, հայտնում է «Ազատությունը»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ անցակետն անընդունելի է Արցախի ժողովրդի համար։

«Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», - ասել է նա։

Արցախի օմբուդսմենը շեշտել է՝ Ադրբեջանը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։

«Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - ասել է Ստեփանյանը։

Կադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։

Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցիներ կա, որ ցուցակագրված սպասում են իրենց հերթին։

Ստեփանյանը շեշտել է՝ մարդիկ պատրաստ են երրորդ կողմի ուղեկցությամբ անցնել ադրբեջանական անցակետով, միայն թե հասնեն իրենց հարազատներին, բայց դա ամենևին չի նշանակում համակերպվել Հայաստան-Արցախ սահմանագծին կանգնած զինված ադրբեջանցիների ներկայության հետ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։